Բարի գալու՛ստ Իմաստություն գիտական պարբերականի կայք

Իմաստություն գիտական պարբերականը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառուցվածքում գործող Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի պաշտոնական հանդեսն էր: Ինստիտուտի հիմնադիր նախագահը և Իմաստության գլխավոր խմբագիրը լուսահոգի ակադեմիկոս Գեորգ Աբելի ԲՐՈՒՏՅԱՆՆ էր, ով վախճանվեց 2015 թվականի դեկտեմբերի 8-ին կյանքի 89-րդ տարում: Աշխարհահռչակ և հայ փիլիսոփայական հանրության համար անփոխարինելի գիտնականի մահից հետո Ինստիտուտը լուծարվեց, իսկ Ինստիտուտի գործունեության հետագա ծավալումը, այդ թվում՝ Իմաստություն հանդեսի հրատարակությունը, ստանձնեց ՀՊՄՀ փիլիսոփայության և տրամաբանության համահամալսարանական ամբիոնը: Դա հնարավոր և իրատեսական էր, քանի որ ամբիոնի հիմնական գիտական ուղղությունները բխում էին Ինստիտուտի ռազմավարական ծրագրից՝ ըստ Ինստիտուտում իրականացվող գիտական խդիրների ոլորտների և ամբիոնի դասախոսները, ովքեր Գեորգ Բրուտյանի տարբեր սերնդի աշակերտներն են, անդամակցում էին Ինստիտուտին, ներառված էին Ինստիտուտի գիտակազմակերպչական գործունեության մեջ և անդամակցում էին Իմաստության խմբագրակազմին:

Իմաստություն հանդեսն ընդգրկված է ՀՀ ԲՈՀ-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների (դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների համար) ցուցակում

Ժողովածուն հրատարակվում է տարեկան երկու անգամ և նպատակ ունի հարթակ լինելու գիտական արժեքավոր գաղափարների ու հետազոտությունների արդյունքները հրապարակելու, դրանց շուրջ քննարկումներ ու բանավեճեր կազմակերպելու, ինչպես նաև երիտասարդ խոստումնալից հետազոտողներին ու նրանց ուսումնասիրությունները գիտական հանրությանը ներկայացնելու համար:

Հաշվի առնելով այն, որ հասարակական վերափոխումների արդյունավետ ընթացքն ու ելքերն առավել երաշխավորված են, երբ ծառացած խնդիրների լուծմանն ուղղված որոշումներն ու քայլերը հիմնվում են այդ խնդիրների հիմնարար հետազոտությունների ու դրանց արդյունքների վրա, ժողովածուն կարևորում է հատկապես հումանիտար, հասարակագիտական, փիլիսոփայական գիտելիքի բնագավառներում հետազոտություններն ու դրանց հիման վրա երաշխավորություններ առաջարկող հոդվածների հրապարակումը:

Ժողովածուի առաջին և երկրորդ համարները (հիմնականում հրապարակում կամ ամփոփում) են Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ. փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուններ խորագրով միջազգային գիտաժողովի (16-17 ապրիլ, 2012 թ.) հիմնական զեկուցումների տեքստերը, որոնք զետեղվել են գիտաժողովի համապատասխան մասնաճյուղերը ներկայացնող Փիլիսոփայության ոլորտ և Հոգեբանության ոլորտ բաժիններում:

Համարներում տեղ են գտել նաև ընթերցողների լայն լսարանի համար նախատեսված բաժիններ, որտեղ ներկայացված են գիտնականների փիլիսոփայական խոհեր, հոգեբանական խորհուրդներ, հարցազրույցներ ճանաչված և իրենց մասնագիտական բնագավառներում հաջողությունների հասած, գիտական հանրությանը հայտնի անհատականությունների հետ:

Ժողովածուի առաջին երկու համարների վերաբերյալ ստացված դրական արձագանքները վկայում են հրապարակումների կարևորության ու արժեքավորության մասին: Խմբագրակազմը շնորհակալություն է հայտնում հոդվածների հեղինակներին, գրախոսողներին, մամուլում արձագանքների հեղինակներին:

Խմբագրակազմը առանձնակի շնորհակալություն է հայտնում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ղեկավարությանը՝ ժողովածուն հրատարակելու համար:

Պաշտպանելով բազմակարծության և խոսքի ազատության սկզբունքները՝ խմբագրակազմը հիշեցնում է, որ հոդվածներում և հրապարակումներում ներկա-յացված տեսակետները հեղինակային են և հնարավոր է`չհամընկնել խմբագրակազմի պաշտոնական դիրքորոշումների հետ:

Իմաստություն գիտական պարբերականի կայքում խմբագրությունը կհրապարակի համարների բովանդակությունը, հոդվածների ամփոփումները, բանալի հասկացությունները, իսկ առանձին դեպքերում` նաև՝ ընտրված հոդվածներ: Կներկայացվեն նաև ցուցումներ այն հեղինակների համար, ովքեր ցանկանում են համագործակցել Պարբերականի հետ՝ հրապարակելով իրենց հետազոտությունները:

Գրանցված օգտատերերը կարող են ներկայացնել իրենց մեկնաբանությունները հոդվածների վերաբերյալ: